Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Ո՞նց կարող է Սերժ Սարգսյանը Ղարաբաղը հանձնել, երբ ղարաբաղյան պայքարի առաջամարտիկներից մեկն է եղել»

«Ո՞նց կարող է Սերժ Սարգսյանը Ղարաբաղը հանձնել, երբ ղարաբաղյան պայքարի առաջամարտիկներից մեկն է եղել»
28.10.2008 | 00:00

«ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱՆ»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության, ՀՀԿ խորհրդի անդամ ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
-Կարճատև ընդմիջումից հետո կրկին Ազգային ժողովում եք։ Հետաքրքիր է՝ տարբերություն տեսնո՞ւմ եք նախկին ու ներկա խորհրդարանների միջև՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այս ԱԺ-ն նոր նախագահ ունի։
-Քաղաքական առումով մեծ փոփոխություններ չկան, քանի որ մեծամասնությունը կրկին ՀՀԿ-ն է, իսկ նախագահն էլ՝ ՀՀԿ-ի ներկայացուցիչը։ Կա դրական փոփոխություն առ այն, որ այս խորհրդարանում հանրապետականների քանակը շատ է, այսինքն՝ բացարձակ մեծամասնություն ենք։ Ոչ միայն քաղաքական, այլև պետական մտածողության հարցում ևս փոփոխությունները մեծ չեն։
-ԱԺ նախագահի փոփոխությունը խորհրդարանի մեծամասնությունը հիմնավորեց աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությամբ։ Այսօր ինչպե՞ս է դրսևորվում այդ արդյունավետությունը։
-Դեռևս մեկ նիստի եմ մասնակցել, բայց, ճանաչելով ԱԺ նախագահին, կարող եմ հստակ ասել, որ նա ունի կազմակերպչական ունակություններ, և՛ օրենսդիրում, և՛ գործադիրում՝ աշխատանքային փորձ։ Խորհրդարանը բարդ մեխանիզմ է, և զուտ լավ քաղաքական գործիչ, պառլամենտական լինելը չի նշանակում, որ տվյալ անձն ի վիճակի կլինի ԱԺ աշխատանքների արդյունավետությունն ապահովել։ Սակայն չեմ ցանկանում զուգահեռներ անցկացնել այս և նախորդ նախագահների միջև։ Ընդունելով և հարգելով Տիգրան Թորոսյանին, որը ևս լավ պառլամենտական է ու քաղաքականության մեջ մեծ փորձ ունի, միաժամանակ համոզված եմ, որ ԱԺ նախագահը պետք է ունենա նաև կազմակերպչական ձիրք, ինչը տեսնում եմ Հովիկ Աբրահամյանի մոտ։ Խորհրդարանն իրենից ներկայացնում է երկու դաշտ՝ պառլամենտականներ և ապարատ։
-Այդ երկու դաշտից որո՞ւմ են Հովիկ Աբրահամյանի ունակությունները լավ ընդգծված։
-Աբրահամյանը լավ կազմակերպիչ է։ Նա կարողանում է մարդկանց հետ աշխատել։ Սա ենթադրում է, որ բարձրանալու է նաև ապարատի աշխատանքի արդյունավետությունը։ Իսկ պատգամավորական կորպուսի հետ աշխատանքն ավելի շատ քաղաքական, մարդկային հարաբերությունների խնդիր է, քանի որ ԱԺ նախագահն ուղղակի լծակներ չունի պատգամավորների կարծիքների վրա ազդելու։ Այստեղ լոկ մարդկային հարաբերությունների, քաղաքական գործունեության մեկ այլ ոլորտի (հաճախ՝ ոչ հրապարակային) խնդիրներ են առկա։ Կուսակցությունը ճիշտ է համարել Հովիկ Աբրահամյանին այս պաշտոնում տեսնելը՝ հաշվի առնելով նաև նրա այս ունակությունները։
-Որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ՝ ի՞նչ օրինագծեր եք համարում առաջնային քննարկման հարց, հնարավո՞ր է՝ որևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գաք։
-Կոնկրետ օրենքի նախաձեռնությամբ հանդես գալու որևէ մտադրություն այժմ չունեմ։ Լինելով կուսակցության խորհրդի անդամ՝ համակարծիք եմ նախագահի ծրագրային դրույթներին, որոնք անհրաժեշտ է իրականացնել նաև օրենսդրական փոփոխությունների ճանապարհով։ Այն քաղաքականությունը, որն այսօրվա նախագահն ու կուսակցությունն են որդեգրել, նաև օրենսդիր դաշտն է կարգավորելու։ Խոսքը մեկ-երկու օրենքների մասին չէ, այլ ընդհանուր օրենսդրական դաշտը պետք է բարելավել, այսինքն՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական առումներով օրենքների փոփոխություններն անհրաժեշտ են։ Առանց օրենսդրական փոփոխությունների ծրագրային խնդիրներ չեն կարող լուծվել։
-Ներկուսակցական խնդիրներին անդրադառնանք։ ՀՀԿ-ում այս կամ այն պաշտոնի փոխատեղման արդյունքում ինչ-ինչ տարակարծություններ են ի հայտ եկել՝ երկու մասի բաժանելով կուսակցականներին։ Ինչո՞ւ են ներկուսակցական որոշումներն այսքան անհարթ ընթանում։
-Ես համամիտ չեմ, որ կուսակցությունում որոշումների կայացումն անհարթ է ընթանում։ Որոշումները միշտ միաձայն են ընդունվում։ Վերջնական որոշում կայացնելու ժամանակ չկա անհամաձայնություն։ Ե՛վ ընկերական, և՛ կուսակցական մակարդակով քննարկումները դրական եմ գնահատում, քանի որ դրանք օգնում են, որ որոշումները ճիշտ լինեն։ Միանգամից, հանպատրաստի, հարթ որոշում ընդունելն էլ մի բան չէ։ Սա խոսում է նաև ներկուսակցական դեմոկրատիայի մասին։ Խորհրդի, կուսակցության անդամները կարծիքներ են արտահայտում, որոնք երբեմն հիմնավորվում են, երբեմն՝ ոչ։ Ամեն դեպքում, այդ քննարկումներն առավել ճիշտ գնահատական են տալիս ստեղծված իրավիճակին, անգամ մարդկային հարաբերություններում հնարավոր ճեղքեր չառաջացնելուն են նպաստում։ Անշուշտ, կարծիքների փոխանակումը կարող է մի քիչ էլ անհարթ գնալ, որպեսզի արդյունքում մարդիկ իսկապես հասկանան, որ այդ որոշումներն արդարացված են։
-Այսուհանդերձ, հին և նոր, ավագ և երիտասարդ ՀՀԿ-ականների միջև կոնֆլիկտն առկա չէ՞։
-Ես նման բան մեր կուսակցությունում չեմ նկատել։ Հին հանրապետականների մեջ կան երիտասարդներ, իսկ նորերի մեջ էլ՝ տարեցներ։ Ասածս, իհարկե, տարիքային տարբերությանը չի վերաբերում։ Հին հանրապետականների մեջ կան շատ երիտասարդ մարդիկ, ովքեր ավելի վաղ են կուսակցության անդամ եղել, կան մարդիկ, ովքեր տարիքով մեծ են, բայց նոր են հանրապետական դարձել։ Այնպես որ, հին ու նոր հանրապետականների միջև լուրջ խնդիրներ, տարաձայնություններ, խմբավորումներ երբևէ չեն եղել։ Այսօր հին հանրապետականներից շատերը խորհրդի անդամ են, և խորհրդի կազմն է նաև որոշում կուսակցության քաղաքականությունը։ Այլ բան է, որ այսօր կուսակցության անդամների թիվը մեծանում է, և, բնականաբար, այդ բազմաքանակությունը ենթադրում է նաև ղեկավար մարմիններում լինելու ցանկության մեծացում։
-Չշրջանցենք նաև ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը։ Ընդդիմությունն այս հարցում լուրջ մեղադրանքներ է ներկայացնում իշխանություններին,պնդելով, որ Սերժ Սարգսյանը հանձնելու է Ղարաբաղը՝ իր իշխանությունը պահելու և լեգիտիմությունն ապահովելու համար։
-Բացարձակապես չեմ տեսնում այդպիսի սպառնալիք կամ վտանգ։ Մեր հարևան պետությունների հետ նորմալ, դիվանագիտական հարաբերություններ ունենալը միշտ էլ եղել է պարտադիր պայման։ Կարծում եմ՝ Սարգսյանն այս համատեքստում հզոր, ճիշտ, համարձակ քայլ կատարեց։ Սա ընդգծում եմ ոչ նրա համար, որ հանրապետական եմ, այլ քաղաքացի, որը կիսում է իր երկրի նախագահի դիրքորոշումը։ Դեռևս նոր սկսված այդ քայլերին այսօր գնահատականներ հնչեցնելը ճիշտ չեմ համարում։ Ո՞նց կարող է Սերժ Սարգսյանը Ղարաբաղը հանձնել, երբ ղարաբաղյան պայքարի առաջամարտիկներից մեկն է եղել։
Կարծում եմ՝ Թուրքիայի հետ նման հարաբերությունների կառուցումը չի բացառում ղարաբաղյան հարցի առավել ճիշտ կարգավորման հնարավորությունը, քանի որ երկխոսությունը հարաբերությունների նորմալացման կարևոր նախապայման է, մինչդեռ թշնամական հարաբերությունների առկայությամբ հնարավոր չէ որևէ երկխոսություն։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 3933

Մեկնաբանություններ